«Հայաստանում հասարակական-քաղաքական մասնակցության գենդերային առանձնահատկությունները» հետազոտությունն իրականացվել է 2010թ. հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին «Կովկաս» հասարակագիտական հետազոտությունների կենտրոնի հետ համագործակցությամբ: Հետազոտության նպատակն էր. աջակցել պետական գենդերային քաղաքականության մշակմանն ու իրագործմանը, կառավարման ոլորտում կանանց ներկայացվածության, որոշումների ընդունման և հասարակական-քաղաքական գործընթացներին նրանց մասնակցության մակարդակի բարձրացման մեխանիզմների հզորացմանը:
Խնդիրները.
ա) իրականացնել սոցիոլոգիական հարցման վրա հիմնված քանակական հետազոտություն` հասարակական-քաղաքական գործընթացներին կանանց և տղամարդկանց մասնակցության համեմատական բնութագիրն ու դինամիկան, ինչպես նաև հանրային կարծիքի դրսևորումներն այդ խնդիրների վերաբերյալ վեր հանելու նպատակով,
բ) բացահայտել այդ գործընթացներին կանանց լիարժեք մասնակցությանը նպաստող և խոչընդոտող սոցիալական, տնտեսական, քաղաքական, կրթական, քարոզչական, բարոյահոգեբանական, ավանդույթային, կարծրատիպային և այլ մոտիվացիոն գործոնները,
գ) մշակել հասարակական-քաղաքական մասնակցությանը խոչընդոտող գործոնների ազդեցության թուլացման ու դրանց վերացման երաշխավորություններ գենդերային քաղաքականության հիմնադրույթները մշակող պետական օղակների և շահագրգիռ ոչ կառավարական կազմակերպությունների համար:
Սոցիոլոգիական հետազոտությունն իրականացվել է ընտրանքային հետազոտության սկզբունքով Երևանի տասը համայնքներում, ՀՀ Արմավիրի, Գեղարքունիքի, Շիրակի, Սյունիքի մարզերի տասներկու քաղաքային և երեսունվեց գյուղական բնակավայրերում:
Հետազոտության արդյունքների վերլուծությունը բաղկացած է երեք մասից: Առաջին մասը նվիրված է հասարակական-քաղաքական գործընթացներով հետաքրքրվածության, իրազեկության և մասնակցության ընդհանուր ցուցանիշների և դրանց գենդերային առանձնահատկությունների վերլուծությանը: Երկրորդ մասում վերլուծվում են մասնագիտական և քաղաքական կարիերայի գենդերային տեսանկյունները և հանրային կարծիքի գնահատականներն այդ խնդիրների վերաբերյալ: Երրորդ մասը նվիրված է գենդերային հավասարությանը խոչընդոտող գործոնների վերլուծությանը, կանանց քաղաքական մասնակցությունը խթանող պայմանների հետազոտմանը, գենդերային խտրականության դրսևորումների և դրանց հաղթահարման հնարավորությունների քննարկմանը:
Ներբեռնել«Հայաստանում հասարակական-քաղաքական մասնակցության գենդերային առանձնահատկությունները» հետազոտությունը էլեկտրոնային ֆորմատով:



